Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով
Հայաստան
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:
Մաղթանքի ավարտին Նաթան արքեպիսկոպոսն ընթերցել է Հանրապետության տոնի առիթով համայն հայությանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել են Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների ուղեկցությամբ հոգևորականները ծաղկեպսակ են զետեղել հուշակոթողի առջև, ապա աղոթել մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:



























































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը