Իրանի ԱԳ նախարարը ներկայացրել է Իսրայելին հարվածները դադարեցնելու պայմանը
Աշխարհ
Իրանը կդադարեցնի Իսրայելին հարվածները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե այն դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», - ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։
Արաղչին նշել է, որ Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակը կլինի ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա, քանի որ մեր սկզբունքների համաձայն՝ միջուկային զենքն արգելքի տակ է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման գործարքի», - ասել է նա։