Էրդողանի հայտարարությունից հետո Ռուսաստանը մատնանշել է Թուրքիայի իրական շահերը
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Թուրքիան անկասկած աջակցում է Ադրբեջանին, սակայն բացահայտ կերպով Բաքվի բոլոր քայլերը հաստատելը ձեռնտու չէ Անկարային՝ Մոսկվայի հետ հարաբերությունները չվատացնելու համար։ Այս գնահատականը հնչել է ի պատասխան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան-Ադրբեջան լարվածության վերաբերյալ հայտարարությանը։
Զատուլինի խոսքով՝ Էրդողանը փորձել է հանդես գալ որպես խաղաղարար, կոչ անելով հաշտեցման՝ միաժամանակ շեշտելով իր բարեկամական հարաբերությունները Պուտինի և Ալիևի հետ։ Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի փոքր ռազմավարական գործընկերն է, սակայն նրա որոշ ինքնուրույն քայլերը՝ առանց Անկարայի հետ համաձայնեցնելու, անհանգստացնում են թուրքական ղեկավարությանը, գրում է Лента.ру-ն։
Զատուլինը նաև ընդգծել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը փորձում են հեռանալ Ռուսաստանի ազդեցությունից՝ ավարտին հասցնելու Զանգեզուրի միջանցքի հետ կապված ծրագրերը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դիտարկվում է որպես խոչընդոտ այդ ծրագրերի ամբողջական իրականացման ճանապարհին։