«Իրանի միջուկային խնդրի բանալին Ռուսաստանի ձեռքում է». Բարաք Օբամա
ԱՄՆ
Իրանի միջուկային խնդրի լուծման բանալին Ռուսաստանի եւ Չինաստանի ձեռքում է, որը նաև շահեկանորեն կարող է նպաստել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան «Time» շաբաթաթերթին տված հարցազրույցում։
Թերթի լրագրողի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել իր տեսակետները ԱՄՆ–ի շահերին հակասող հիմնական մարտահրավերների վերաբերյալ։
«Երբ եկա Սպիտակ տուն, աշխարհը բաժանված էր, իսկ Իրանը միասնական», - ասել է Բարաք Օբաման։ «Շնորհիվ արդյունավետ դիվանագիտության՝ Իրանի դեմ աննախադեպ ճնշումների, կարողացանք մեր կողմը գրավել այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը։ Իրանն այժմ կանգնած է միասնական համաշխարհային հանրության դեմ հանդիման», - ասել է ԱՄՆ նախագահը։ Ըստ նրա՝ այժմ Թեհրանը «մեկուսացված է, եւ նրա դիրքերը տարածաշրջանում՝ թուլացած»։
Ըստ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի՝ նման մակարդակի համագործակցությունը խիստ անհրաժեշտ է նաև Աֆղանստանում իրավիճակի կայունացման համար։ «Ոչ միայն մենք, միջազգային հանրությունը, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ինչպես նաև Իրանը շահագրգռված են Աֆղանստանում շարունակվող անվերջանալի պատերազմի ճակատագրով», - ասել է Օբաման։
«Կարծում եմ այդ շահահգրգռվածությունը բոլորի կողմից սպասելի էր», - ավելացրել է նա։
Բարաք Օբաման պատասխանել է ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության կուսակցության որոշ անդամների քննադատություններին, ըստ որի՝ Սպիտակ տան կողմից իրականացվող ներկայիս արտաքին քաղաքականությունը դատպարտված է ձախողման։ Մասնավորապես՝ ԱՄՆ–ի առաջիկա նախագահական ընտրություններում Օբամայի հավանական մրցակից համարվող Միթ Ռումնին բազմիցս հայտարարել է, որ եթե գործող նախագահը երկրորդ ժամկետ ընտրվի, ապա Իրանը միանշանակ ձեռք կբերի միջուկային զենք։ «Նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսվելուն պես ես պարզ արտահայտվել եմ, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու Իրանի միջուկային զենք ստանալու ծրագիրը» - հիշեցրել է Օբաման։
Միեւնույն ժամանակ նա մատնանշել է Չինաստանի հետ գաղափարական, քաղաքական, տնտեսական և ռազմական առճակատման անթույլատրելիությունը, քանի որ Վաշինգտոնը Չինաստանին համարում է իր հիմնական գործընկերը. «Վերջին երեք տարիների տեւական երկխոսության ընթացքում մեր հիմնական նվաճումներից է ձեռքբերված աշխատանքային հարաբերություններ Չինաստանի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը։ Միեւնույն ժամանակ, Բարաք Օբաման ընդգծել է, որ Չինաստանի հետ մերձեցման քաղաքականությունը չի նշանակում տարածաշրջանի մնացյալ գործընկերների՝ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ հարաբերությունների թուլացում։ «Կարծում եմ, որ նրանց հետ ԱՄՆ–ի հարաբերությունները ավելի լավ մակարադակի վրա են գտնվում, քան երբեւէ եղել են», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)