Սարկոզին սպառնում է դուրս բերել ֆրանսիական զորքերը Աֆղանստանից
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է կասեցնել Աֆղանստանում ֆրանսիական զորքերի ռազմական առաքելությունը և սպառնացել է դուրս բերել Աֆղանստանում գտնվող ֆրանսիական զորքերը ֆրանսիացի չորս զինվորների սպանություից հետո։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Le Monde» պարբերականը։
Ըստ թերթի՝ Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել Աֆղանստանի նախագահի Ֆրանսիա կատարելիք այցի ժամանակ։
«Ես որոշել եմ անմիջապես Աֆղանստան ուղարկել պաշտպանության նախարարին և բանակի գլխավոր շտաբի պետին։ Ֆրանսիական բանակի բոլոր տիպի գործողությունները, որոնք աջակցում են Աֆղանստանում ռազմական գործողություններին դադարեցվել են։ Եթե անվտանգության պայմանները մոտակայում չհստակեցվեն, ապա կառաջարկվի Աֆղանստանից ֆրանսիական բանակի վաղաժամկետ դուրսբերման հարցը», – հայտարարել է Սարկոզին։
ՆԱՏՕ–ի ուժերի, այդ թվում ֆրանսիական զորքերի դուրսբերումը Աֆղանստանից նախատեսվում է 2014 թվականին։
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ–ի ուժերի մաս կազմող ֆրանսիական զորքերի չորս զինվորներ են սպանվել։ Ըստ որոշ տվյալների` սպանողը եղել է աֆղանական բանակի համազգեստ հագած անհայտ անձը։ Միջադեպի հետ կապված ֆրանսիական զորքերի 16 զինվորներ էլ վիրավորվել էին։ Դեպքից անմիջապես հետո կրակ բաց անողը ձերբակալվել էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ