Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ  բեկորները։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։