Նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին
Աշխարհ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:
Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար:
Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար' ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ամենուր:
Վերջապես, այս օրն անմոռանալի է և ոսկե տառերով կգրվի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը: Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ' մաղթելով նորանոր հաջողություններ' հանուն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի