ԱՄՆ–ն և Թուրքիան առաջնորդում են ուժերի վերաբաշխման նոր գործընթացը․ Թոմ Բարաք
Աշխարհ
Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս շարժվում են զարգացման միևնույն ուղղությամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։
Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն 2025» կոնֆերանսում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ «շարժումը դեպի հյուսիս կարող է իսկապես տպավորիչ լինել»։ Այսպես է նա մեկնաբանել Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ամրապնդելու տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։
Բարաքի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան առաջնորդում են Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ուժերի վերաբաշխման նոր գործընթացը։
Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է ուժերի հավասարակշռությունը համաշխարհային «շախմատի տախտակի» վրա՝ ստեղծելով տարածաշրջանային հավասարակշռության նոր պայմաններ։
Պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտության հնարավորության մասին հարցին՝ Բարաքը նշել է. «Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա»։
Դիվանագետը նաև նշել է, որ առանց Թուրքիայի մասնակցության Գազայի հատվածում հրադադարը հնարավոր չէր լինի։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև խաղաղության կարգավորման գործում ունեցած ներդրման համար», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան