Միացյալ Նահանգները և Ուկրաինան մշակել են նոր խաղաղության համաձայնագիր և Դոնալդ Թրամփի ծրագիրը 28 կետից կրճատել են մինչև 19 կետ: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Financial Times- ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի հայտարարությանը:
Կիսլիցան, որը Ժնևում ուկրաինական պատվիրակության կազմում ներկա էր բանակցություններին, ասել է, որ հանդիպումը «լարված էր, բայց արդյունավետ»։
Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքը դարձել է մանրակրկիտ վերամշակված փաստաթղթի նախագիծ, որը երկու կողմի մոտ «դրական» զգացումներ է առաջացրել։
«Մի քանի ժամ տևած մանրակրկիտ բանակցություններից հետո, որոնք համարյա ձախողվում էին դեռևս չսկսված, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները համաձայնության եկան մի քանի հարցերի շուրջ, սակայն ամենավճռական կետերը դասավորեցին փակագծերի մեջ, որպեսզի Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարողանան լուծել դրանք», - նշվում է զեկույցում։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան Վաշինգտոնից ստացել է 28 կետից բաղկացած ծրագիր, որը, նրա խոսքով, կարող է օգտագործվել «որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք»։