Google-ը որոշել է Ռուսաստանից դուրս բերել իր սերվերները
Համաշխարհային Մամուլ
Google ընկերությունը որոշել է Ռուսաստանից դուրս բերել իր հնացած սերվերները։ Այդ մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ինտերնետ-պրովայդերների շրջանում ունեցած իր աղբյուրներին։ Նշվում է, որ ամերիկյան կորպորացիան ռուսաստանյան կապի օպերատորներին նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով քեշավորման համար օգտագործվող Dell R270 մոդելի սերվերները հետ վերցնելու մտադրության մասին։
Խոսքը վերաբերում է Google Global Cache համակարգի շրջանակում կիրառվող սերվերներին, որոնք նախատեսված են օգտատերերի համար բովանդակության բեռնման արագությունը բարձրացնելու նպատակով։ Google-ը նման սարքավորումներ տեղադրում էր տարբեր երկրների կապի օպերատորների մոտ, այդ թվում՝ մինչև 2022 թվականը նաև Ռուսաստանում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը խնդրել է անջատել և ապամոնտաժել նշված սերվերները, ինչպես նաև տեղեկացնել դրանց տեղափոխման հնարավոր վայրի մասին։
ՌԲԿ-ի տվյալներով՝ որոշ պրովայդերների մոտ այդ սերվերներն արդեն դուրս են բերվել։ Ավելի վաղ ռուսաստանյան դատարանները բազմիցս տուգանել էին Google-ին՝ վերահսկող մարմինների կողմից արձանագրված խախտումների համար։ Բացի այդ, Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը եզրակացրել էր, որ YouTube հարթակում գործում են հաշիվների և բովանդակության արգելափակման ոչ թափանցիկ և ոչ օբյեկտիվ կանոններ, ինչի հիման վրա ևս ընկերության նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)