Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հավաքել «տագնապի ճամպրուկը»
Աշխարհ
Էներգետիկայի ոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել նախապես պատրաստել սննդամթերքի պաշար և «տագնապի ճամպրուկ»։ Նախարարության առաջարկությունները հրապարակվել են տելեգրամյան ալիքում։
Նախարարությունը կոչ է արել ուկրաինացիներին ունենալ խմելու ջրի, չփչացող սննդամթերքի և անհրաժեշտ դեղորայքի պաշար՝ առնվազն 3-5 օրվա համար։
Նրանց նաև խնդրել են հավաքել «տագնապի ճամպրուկ»։ Այն պետք է պարունակի փաստաթղթեր, տաք հագուստ, առաջին բուժօգնության պարագաներ, կանխիկ գումար, ջեռուցման պարագաներ և անձնական հիգիենայի պարագաներ։
Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել ստուգել էներգաբանկերի և այլ պահեստային էներգիայի աղբյուրների լիցքը, իրենց տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և վառելիքի առկայությունը։
Ավելին, առաջարկությունների համաձայն, ուկրաինացիներին կոչ է արվել չմոռանալ ընտանի կենդանիների մասին, որոնց համար նրանք պետք է նախապես պատրաստեն սննդի պաշար։
Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, որ էլեկտրաէներգիայի և ջեռուցման անջատումների դեպքում քաղաքացիները պետք է հետևեն տան ջեռուցման հիմնական կանոններին՝ մնալ մեկ սենյակում, ցանկալի է՝ ամենափոքրում, և տաք հագնվել։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր