ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի կմնա խոցելի
Համաշխարհային Մամուլ
Եվրոպան չի կարող և երբեք չի կարողանա դառնալ լիովին ինքնուրույն անվտանգության հարցերում առանց Միացյալ Նահանգների աջակցության։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն նիդերլանդական Financieele Dagblad պարբերականին տված հարցազրույցում։
«Իմ կարծիքով՝ երբեք։ Պատմությունն է մեզ միավորել։ Ամերիկյան միջուկային հովանոցը մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է», — ընդգծել է Ռյուտտեն՝ պատասխանելով Եվրոպայի՝ ԱՄՆ-ից անկախ անվտանգության հնարավորության մասին հարցին։ Նա նշել է, որ Եվրոպան շարունակում է մնալ խոցելի և չի կարող իրեն թույլ տալ անգամ ժամանակավոր ինքնավարության գաղափարը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եվրոպական երկրները դեռևս բավարար միջոցներ չեն հատկացնում պաշտպանության ոլորտին։ Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձից հետո Ռյուտտեի աշխատանքը Բրյուսելում դարձել է ամենաբարդերից մեկը՝ պահանջելով մշտական հավասարակշռում Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ Ըստ պարբերականի՝ ներկայում Ռյուտտեի դերը մեծապես ուղղված է ոչ թե դաշինքի կառավարմանը, այլ ՆԱՏՕ-ի հնարավոր պառակտումը կանխելուն՝ Թրամփի վարած քաղաքականության ֆոնին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է