Ադրբեջանի քաղաքացի մի կին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է՝ Ռուսաստան առանց հայտարարագրման թանկարժեք զարդեր ներմուծելու փորձի համար։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է Վնուկովո մաքսատան խոսնակ Եվգենիա Սիվակովան։
Տեղեկացվում է, որ 33-ամյա կինը Դուբայից ժամանել է Մոսկվա և «կանաչ միջանցքով» անցնելիս ընտրվել է մաքսային ընտրանքային ստուգման համար։ Նրա ուղեբեռում հայտնաբերվել են հինգ մատանի՝ պատրաստված սպիտակ մետաղից և զարդարված թանկարժեք քարերով։ Փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք պատրաստված են ոսկու և պլատինի համաձուլվածքներից՝ 750 և 950 հարգի, և զարդարված են ադամանդներով։
Մատանիները առգրավվել են, իսկ կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ռազմավարական նշանակության ապրանքների մաքսանենգության հոդվածով։ Ավելի վաղ հաղորդվել էր նմանատիպ դեպքի մասին, երբ Ռուսաստանի քաղաքացի ԱՄԷ-ից հայրենիք էր վերադարձել Cartier ապրանքանիշի չհայտարարագրված զարդերով։