Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել (տեսանյութ)
ՏեսանյութերՓաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում պատանի երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել Երկար տարիներ շարունակ մարտի 5-ը՝ Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, իր իսկ հիմնադրած Երկրապահ կամավորականների միության շենքում նշանավորվում ու տոնվում էր ևս մեկ արարողությամբ՝ «Պատանի երկրապահ» ակումբների սաների հանդիսավոր երդմնակալության արարողությամբ։
Գեղեցիկ հանդիսավորությամբ նշվում և մեծարվում էր ազգի ու պետության ինքնապաշտպանության համար պատրաստակամ մարտիկը՝ փոքր թե մեծ։ Փոքրիկ մարտիկների երդմնակալության միջոցառումներն անցկացվում էին Եռաբլուր զինվորական պանթեոնում կամ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ ընդգծելով այդ երկու վայրերի իմաստային ու խորքային նշանակությունը։ Իրականում տոնական օրը կրկնակի էր դառնում, և տարեցտարի միջոցառումներն ավելի հղկված, մասշտաբային ու տպավորիչ էին դառնում՝ պատանի մարտիկների աճող քանակի և մեծ հանդիսությամբ նշելու պատճառով։ Հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտոնավարման վերջին 7–8 տարիներին պատանի երկրապահների երդմնակալության արարողությանը մասնակցում էին տասնյակ հազարավոր պատանի և երիտասարդ երկրապահներ, որոնք այդ օրը հպարտությամբ կրում էին զինվորական համազգեստ, ոգևորվում իրենց հանդեպ ուշադրությունից, իրենց գոտեպնդող ելույթներից և սնվում ռազմահայրենասիրական ոգով։ Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահության օրոք միջոցառումն անխափան իրականացվել է առնվազն 11 տարի անընդմեջ՝ 2007–2018 թվականներին։
Փաշինյանի հեղափոխության հաղթանակը Արցախյան ազատամարտից ավելի կարևորող, «քաջ Նազարների ժամանակը ավարտված է, իսկ իսկական հերոսների ժամանակը սկսվել է» հայտարարած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին հաջողվեց նման շուքով միջոցառում իրականացնել ընդամենը մեկ անգամ՝ 2019-ին։ Միջոցառումն առաջին անգամ չի իրականացվել 2020-ին՝ COVID-19-ի պատճառով, իսկ երկրորդ անգամ՝ 2021-ին՝ հետպատերազմական լարված շրջանի պատրվակով։ 2022-ին միջոցառումն իրականացվեց վերջին անգամ, սակայն ավելի փոքր ձևաչափով՝ մոտ 500 մասնակցով։ Այսինքն՝ մարտի 5-ին նման երդմնակալություն չի անցկացվել առնվազն 6 տարի՝ 2020, 2021, 2023, 2024, 2025 և 2026 թվականներին։
Սակայն «Պատանի երկրապահների» ներկայիս նախագահ Սուրեն Գևորգյանի պնդմամբ՝ երդմնակալության արարողություններն իրականում կայացել են նաև այդ թվականներին և կայանում են նաև հիմա, բայց դրա մասին շատերը չեն իմանում, քանի որ դա տեղի է ունենում այլ վայրերում, այլ ձևաչափով և առանց լուսաբանման։ Նախկինում ԵԿՄ բաժանմունքի պատանիների նախագահ և «Երիտասարդ երկրապահի» ընդհանրական կառույցի փոխնախագահ Նարեկ Մակվեցյանը բազմիցս մասնակցել է միջոցառումներին և կարծում է, որ այսօրվա միջոցառումները նախկինների հետ անհամեմատելի են։ Իսկ երկարամյա ԵԿՄ-ական, ազատամարտիկ Դավիթ Մկրտյանը վստահ է, որ այս ամենի առիթն ու պատճառն այն է, որ Հայաստանում իշխանության գլուխ եկած Նիկոլ Փաշինյանը հակահայկական ղեկավար է և քանդում է Երկրապահը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը