Մասնավորապես, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։
Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակն է եղել կոտրել, իր ձևակերպմամբ, հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։
Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով խուսափել մարդկային վնասներից և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։
Իր բացատրությամբ՝ այդ քայլը կատարել է՝ «ինքնազոհության գնալով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը․ բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում և սպասել իրավապահներին։
Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ հարց ուղղելով ներկաներին․ «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում»։
Նշենք նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վերջինս մասնագիտությամբ անասնաբույժ է։
ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ