Մահացել է անվանի բառարանագիր, լեզվաբան Պետրոս Բեդիրյանը
Այլ
ՀՀ լեզվի կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին մահացել է անվանի բառարանագիր, լեզվաբան Պետրոս Բեդիրյանը: Բեդիրյանը ծնվել է 1931 թվականին Հալեպում։ 1943-1946-ին սովորել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
1952-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և դասախոսել է շուրջ քառասուն տարի։ Ժամանակակից հայոց լեզու և գրաբար է դասավանդել նաև Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան դպրանոցում։
Մեծ է Բեդիրյանի ավանդը թե՛ որպես մանկավարժ, թե՛ որպես գիտնական և բառարանագիր: Կիրառական և գործնական կարևորագույն նշանակություն ունեն հատկապես նրա «Դարձվածաբանական բացատրական բառարանը», «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», «Հայերենի շրջասությունների բառարանը» և «Ռուս-հայերեն գործնական բառարանը»:
Բեդիրյանը հեղինակել և համահեղինակել է դարձվածաբանությանը, բառագիտության տարբեր ոլորտներին և առհասարակ հայերենագիտությանը նվիրված մի շարք հոդվածներ և մենագրություններ:
Պետրոս Բեդիրյանը Լեզվի կոմիտեի լավագույն բարեկամներից էր: Այստեղ նրան հիշում են որպես փայլուն գիտնականի, ազնիվ և պարկեշտ մտավորականի:
Խորին ցավակցություն ենք հայտնում նվիրյալ հայագետի ընտանիքին, հարազատներին, ուսանողներին, գործընկերներին և նրա վաստակը գնահատողներին:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը