Արմեն Ղազարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ․ քննարկվել են ՆԳՆ թվայնացման ծրագրերը
Այլ
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ֆինանսական կառավարման ավագ մասնագետ, Ծրագրի ղեկավար Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։
Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է բարեփոխումների լայն շրջանակ։
Կողմերը քննարկել են ՆԳՆ համակարգի թվայնացմանն ուղղված առանցքային ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել Օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացմանը, ինչպես նաև Համայնքային ոստիկանության թվայնացման նախագծին, որի նպատակն է ապահովել ստորաբաժանումների լիարժեք տեխնիկական վերազինումն ու ինտեգրումը միասնական թվային համակարգին։ Կարևորվել է նաև հաշվառման-քննական ստորաբաժանումների թվային փոխակերպման գործընթացը։
Ղուրամ Ֆարուքը, բարձր գնահատելով նախարարության հետ ձևավորված արդյունավետ գործընկերությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը նշված ուղղություններով։
Հանդիպման ավարտին հստակեցվել են ծրագրերի իմպլեմենտացման վերջնաժամկետները, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարներն ու առաջնահերթությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ