9 օր փախուստի մեջ եղած գայլը վերադարձվել է կենդանաբանական այգի՝ դառնալով ազգային «հերոս»
Աշխարհ
Հարավային Կորեայում մեծ արձագանք է ստացել կենդանաբանական այգուց փախած գայլի պատմությունը, որը 9 օր անց կենդանի և առողջ վերադարձվել է։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, Դեջոն քաղաքի O-World կենդանաբանական այգուց փախած երկու տարեկան Նեուկգու անունով գայլը հայտնաբերվել և բռնվել է լայնածավալ որոնումներից հետո։
Գայլը ապրիլի 8-ին փորել էր իր վանդակից դուրս գալու անցք և փախել, ինչն առաջացրել էր համազգային անհանգստություն։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանությունը, փրկարարները և նույնիսկ զինված ուժերը։ Վերջապես նրան հայտնաբերել են մայրուղու մոտ գտնվող բլրի վրա և քնեցնող միջոցներով բռնել։
Վերադարձից հետո կենդանուն հետազոտել են անասնաբույժները՝ պարզելով, որ նրա առողջական վիճակը կայուն է։ Սոցիալական ցանցերում սկսվել է իսկական «տոն»՝ հազարավոր օգտատերեր ողջունել են գայլի վերադարձը։ Այգու ղեկավարությունը հայտարարել է, որ Նեուկգուն կպահվի առանձին և կստանա անհրաժեշտ խնամք, իսկ կենդանաբանական այգին ժամանակավորապես փակ է՝ անվտանգության միջոցները վերանայելու համար։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը