Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայում տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար
Աշխարհ
Ապրիլի 25-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Քայլերթին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, սենատորներ, խորհրդարանականներ, ինչպես նաև ռեգիոնների և դեպարտամենտների խորհուրդների, ֆրանսահայ և այլ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փարիզամերձ քաղաքների քաղաքապետեր, ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։
Միջոցառումը շարունակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Ֆրանսիայի տարբեր պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից Հաղթական կամարի ներքո ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողությամբ։
Այնուհետև հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը, որոնց հաջորդել է դեսպան Խաչատրյանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու