Ռուսաստանում կրկին հետաձգել են МС-21 ինքնաթիռի սերտիֆիկացումը
Ռուսաստան
Ռուսական МС-21 ուղևորատար ինքնաթիռի սերտիֆիկացումը չի ավարտվի 2026 թվականին, ինչպես նախատեսվում էր նախկինում։ «Ростех»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել միայն 2027 թվականի առաջին եռամսյակում։ Այդ մասին փոխանցում է «Интерфакс»-ը։
Չեմեզովի խոսքով՝ МС-21-ը մինչ այժմ իրականացրել է նախատեսված սերտիֆիկացիոն թռիչքների միայն մոտ մեկ երրորդը։ «Ростех»-ում հույս ունեն, որ 2027 թվականից կկարողանան սկսել ինքնաթիռի սերիական արտադրությունը։ Նախագծի մշակմամբ զբաղվում է «Յակովլև» ընկերությունը, որը մտնում է Միավորված ավիաշինական կորպորացիայի կազմի մեջ։
МС-21 ծրագիրը համարվում էր Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր նախագծերից մեկը՝ արևմտյան ավիաշինական ընկերությունների հետ համագործակցության դադարից հետո։ Սկզբնական ծրագրով առաջին մատակարարումները պետք է սկսվեին դեռ 2024 թվականին։ Սակայն ժամկետները մի քանի անգամ փոխվել են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը կրճատվել է գրեթե մեկուկես անգամ՝ 5100-ից մինչև 3830 կիլոմետր։ Չնայած դրան՝ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ МС-21-ը «լիովին մրցունակ» ինքնաթիռ է համաշխարհային շուկայում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ