Ապամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը
Հայաստան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գրել է, որ ապամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը, իսկ տարածքը կվերադարձվի իր նախկին բնական տեսքին։
Նախարարի խոսքով՝ այս դեպքը ևս մեկ կարևոր օրինակ է, որ շրջակա միջավայրը պետք է լինի ամենօրյա հոգածության և պատասխանատվության կենտրոնում։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր նման քայլ արտահայտում է երկրի վերաբերմունքը բնապահպանական արժեքների նկատմամբ։
Համբարձում Մաթևոսյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է բնապահպանական ամենախոշոր և հեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Նրա գնահատմամբ՝ սա մեծ պատիվ է Հայաստանի համար, բայց միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն, քանի որ երկիրն այսօր գտնվում է համաշխարհային բնապահպանական հանրության ուշադրության կենտրոնում, և յուրաքանչյուր որոշում ու գործողություն դիտարկվում է նաև այդ տեսանկյունից։
Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, բնապահպաններին, հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին և լրատվամիջոցներին, որոնք անտարբեր չեն շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ և նպաստում են դրանց բարձրաձայնմանն ու լուծմանը։
«Բնության պահպանությունը համազգային օրակարգ է, որի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս մասնակցությունից և պատասխանատվությունից»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru