ՀՀ-ն և ԱՄՆ-ն սահմանել են TRIPP ռազմավարական նախագծի իրագործման շրջանակը. համաձայնագրի մանրամասները
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր․
«Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ («Համատեղ հռչակագիր»)՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գործին նպաստելու համար, որի ստորագրմանը վկա է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկություն են հայտնում ունենալ հարատև գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու նպատակով, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԹԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար,
հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը կոչված են ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,
հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա, միաժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասը և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և հանդիսանալով կենսական օղակ Տրանսկասպյան առևտրային երթուղու համար, և ակնկալելով, որ ԹՐԻՓՓ-ը կստեղծի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով,
վկայակոչելով 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին համաձայնագիրը», 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին համաձայնագիրը», 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին պայմանագիրը»,
հետևաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգները («Միացյալ Նահանգներ») և Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») (յուրաքանչյուրն առանձին՝ «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր») սույնով կնքում են ԹՐԻՓՓ-ին վերաբերող սույն շրջանակային համաձայնագիրը («Համաձայնագիր»)` համաձայն փաստաթղթում սահմանված կարգի։
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակներով՝
«Բաժնետերեր» նշանակում է ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը։
«Բաժնետիրական համաձայնագիր» նշանակում է Միացյալ Նահանգների և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ կարգավորվող առևտրային փաստաթուղթ, որը կարգավորելու է ԹԶԸ-ի Բաժնետերերի որոշակի իրավունքները և պարտավորությունները, և ԹԶԸ-ի կառավարման և ղեկավարման առնչվող հարցերը։
«Հատուկ նշանակության կազմակերպություն (ՀՆԿ)» նշանակում է ԹԶԸ-ի կողմից հիմնադրվելիք դուստր կազմակերպություն՝ ԹՐԻՓՓ-ի կոնկրետ ուղղության իրականացման նպատակով։
«ԹԶԸ» նշանակում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն՝ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք համատեղ ձեռնարկություն, որը Հայաստանում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն։
«ԹԶԸ ԱՄՆ» նշանակում է առևտրային կազմակերպություն, որը պետք է հիմնադրվի Դելավեր նահանգում որպես Միացյալ Նահանգների գործակալություն հանդիսացող Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (ԶՖԿ) ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն:
«ԹԶԸ-ի կանոնադրություն» նշանակում է Հայաստանի օրենսդրութամբ կարգավորվող առևտրային բնույթի փաստաթուղթ, որի նպատակն է ԹԶԸ-ի ստեղծումը։
«ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածք» նշանակում է Հայաստանի այն հողատարածքը, որը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվելու է կոնկրետ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար՝ ԹԶԸ-ի (հիմնադրվելուց հետո) հետ խորհրդակցությամբ` հիմք ընդունելով, սակայն չսահմանափակվելով, իրագործելիության և նախագծման ուսումնասիրություններով, ինչպես նաև քաղաքական նկատառումներով (համատեղ՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներ»):
«ԹՐԻՓՓ նախագիծ» նշանակում է Հայաստանում իրականացվող կոնկրետ նախագիծ, որը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ճանաչվում է որպես ԹՐԻՓՓ շրջանակի մաս, այդ թվում, բայց չսահմանափակվելով ԹՐԻՓՓ-ի հետևյալ բաղադրիչներով՝ երկաթուղային, ավտոճանապարհային նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծերով (միասին՝ «ԹՐԻՓՓ նախագծեր»):
Հոդված 2. Համաձայնագրի նպատակներ
Սույն Համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործիքների ներդրմամբ:
Կողմերը պետք է համագործակցեն ԹՐԻՓՓ-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով:
Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովում
Կողմերի քաղաքականությունն է համագործակցել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ և ապահովել, որ երկու Կողմերն էլ ունենան ուղղակի շահագրգռվածություն ԹՐԻՓՓ-ի հաջողության ապահովման գործում:
Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը համատեղ հիմադրեն ԹԶԸ անվամբ համատեղ ձեռնարկություն, որտեղ ԹԶԸ ԱՄՆ-ն կունենա 74% վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ Կողմերը լրացուցիչ նախատեսում են, որ ԹԶԸ-ն կաջակցի ԹՐԻՓՓ-ի իրականացմանը: ԹԶԸ-ի ստեղծման նպատակով Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը:
Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով: Այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, և ժամկետի երկարաձգումը պետք է հանդիսանա Հայաստանի կողմից ԹԶԸ-ում իր մասնակցության նման ավելացման դիմաց միակ հատուցումը։ Հայաստանի համար սեփականության բաժնեմասի ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից ժամկետի երկարաձգման դիմաց միակ հատուցումը։
Կողմերի կողմից նախատեսվում է, որ Բաժնետերերը, ըստ անհրաժեշտության, ԹԶԸ-ի կանոնադրությամբ և Բաժնետիրական համաձայնագրով պետք է սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող և Կողմերին վերապահված հարցերի համար, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
Կողմերին վերապահված հարցերը վերաբերում են հետևյալին, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝ բաժնետերերի մասնակցություն (այդ թվում՝ ԹԶԸ-ի նկատմամբ վերահսկողության փոփոխություն, ԹԶԸ-ի բաժնետոմսերի փոխանցումներ, ՀՆԿ-ների հիմնադրում և դրանց նկատմամբ սեփականություն), որոշակի խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքներ կնքելու որոշումներ, կոնցեսիոն իրավունքների շնորհում և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանների սահմանում, ինչպես նաև Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը վերաբերող և քաղաքական բնույթի այլ հարցեր։ ՀՆԿ-ների մակարդակում համանման բնույթի հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների կողմից անհրաժեշտ գործարքների կնքմանն աջակցելու նպատակով Հայաստանը համաձայնում է բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ: Հայաստանը համաձայնում է, որ նման բացառությունները, ըստ անհրաժեշտության, պետք է նշվեն Բաժնետիրական համաձայնագրում և (կամ) ԹԶԸ-ի կանոնադրության մեջ։
Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն մշտապես կհանդիսանա Միացյալ Նահանգների սեփականությունը և կգտնվի նրա վերահսկողության ներքո, և որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ ԱՄՆ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ։
Հոդված 4. ՀՆԿ-ներ
Կողմերն ակնկալում են, որ ՀՆԿ-ները գործելու են որպես ԹԶԸ-ի դուստր ձեռնարկություններ՝ ԹՐԻՓՓ-ի բաղադրիչներից յուրաքանչյուրը որպես ԹՐԻՓՓ նախագիծ իրականացնելու նպատակով։
3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ-ն յուրաքանչյուր ՀՆԿ-ի ստեղծման և դրանում ունեցած իր բաժնեմասնակցության միջոցով իրեն վերապահելու է որոշակի հարցերի առնչությամբ որոշումների կայացման լիազորությունը, որոնք որոշվելու են ԹԶԸ-ի կողմից։
Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն լիազորված կլինի ընտրելու ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ նախագծին աջակցող երրորդ կողմերի, ներառյալ այն երրորդ կողմերին, որոնք հանդես են գալիս որպես տվյալ ԹՐԻՓՓ նախագծի կոնցեսիոներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև ԻՄՇ (ինժեներական, մատակարարման և շինարարական) ծառայություններ մատուցողներ:
Հայաստանը 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխանող և ԹԶԸ-ի կողմից հաստատված ՀՆԿ-ի հետ կկնքի կոնցեսիոն կամ այլ համաձայնագրեր՝ համաձայն 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի։
Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգում և ԹԶԸ-ի գործունեության ապահովում
- Հայաստանը պետք է նշանակի պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձի՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության ներգրավվածությունը սույն Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով։
- Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Հայաստանի կառավարությունը պետք է նպաստի հետևյալի ապահովմանը`
ա) համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը,
բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնությունների ժամանակին տրամադրումը և կարգավորիչ ընթացակարգերի իրականացումը:
- Միացյալ Նահանգները համաձայնում է նշանակել բարձր մակարդակի կոնտակտային անձի ԹՐԻՓՓ-ին առնչվող ցանկացած քաղաքական հարցի քննարկման նպատակով։
- Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը։
- Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը։
- Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ֆինանսավորում և (կամ) աջակցել ԹՐԻՓՓ նախագծերի համար ֆինանսավորման ապահովմանը՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ու կիրառելի պահանջներին համապատասխան կամ հանրային և ոչ հանրային ներդրողների կողմից առևտրային պայմաններով։
Հոդված 6. Հողամասեր/ կառուցապատման իրավունքներ/ կոնցեսիաներ
- Հայաստանը պետք է ձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում՝
ա) ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների երկայնքով գտնվող հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականությունը, և
բ) ապահովելու, որ այդ հողերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրելու այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։
- ԹԶԸ-ի հիմնադրումից և ԹՐԻՓՓ-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրում է 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները, որոնք համատեղ կորոշվեն Հայաստանի կառավարության և ԹԶԸ-ի կողմից՝ համապատասխան ԹՐԻՓՓ ծրագրի արդյունավետ զարգացման, շահագործման և (կամ) պահպանման համար, ըստ կիրառելիության, և այդ իրավունքները լրիվությամբ փոխանցելի կլինեն ՀՆԿ-ներին։
- Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ին թույլատրվում է մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք հիմք կհանդիսանան 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կոնցեսիոների ընտրության կարգի համար։
- Հայաստանը համաձայնում է, որ՝
ա) շարունակում է մնալ ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, որպես այդպիսին, չի համարի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները,
բ) չի համարի, որ ԹԶԸ -ն հանդիսանում է կոնցեսիոներ կամ ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն որևէ կոնցեսիայի շրջանակներում։
- Կողմերն ակնկալում են, որ կառուցապատման իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո կամ այն դեպքում, երբ ԹԶԸ-ն որևէ պատճառով դադարեցնի իր գործունեությունը, կամ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ ԹԶԸ-ի ունեցած մնացորդային ցանկացած իրավունք վերադարձվում է Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման։
- Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի խոչընդոտում որևէ անձի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ նախագծեր չհանդիսացող ենթակառուցվածքի կառուցումն ու շահագործումը:
Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքում և ենթակառուցվածքների անվտանգություն
Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է իր լիաազորությունները Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։
Կողմերը նախատեսում են, որ Հայաստանը պետք է ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների ենթակառուցվածքային անվտանգության պլանները հաստատելու իրավունքը։ Այդ պլաններում մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավում նախատեսվելու դեպքում այդ անձնակազմը ենթակա է հայաստանյան արտոնագրման պահանջներին։
Հոդված 8. Մաքսային հսկողություն/ սահմանային անվտանգություն
Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է իրականացնել արդյունավետ սահմանային կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն,
գ) մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
ե) պետական տեղեկատվական համակարգեր, և
զ) պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։
Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, օգտագործելով թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» («ընդունարան» – «գրասենյակ») գործառական մոդելի ներդրման համար՝ ԹԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան:
Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ:
Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում, որը ստորագրվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին:
Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում։
Հոդված 9. Հարկում
Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից` որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին` որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։
Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։
Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն, ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալ շահույթի հարկ չի վճարի։
Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում չեն ենթարկվի հարկման` Հայաստանի կառավարությունից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ից ՀՆԿ-ներին սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նշված իրավունքների փոխանցման գործարքների համար:
Հոդված 10. Վեճերի կարգավորում
Կողմերը կձգտեն համաձայնության հասնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով։
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ վեճ ծագելու դեպքում այն պետք է կարգավորվի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով։
Հոդված 11. Տեխնիկական դրույթներ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի միջև փոխանակվող վերջին հայտագրի ստացման օրվանից։
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից ցանկացածի կողմից՝ մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ գրավոր ծանուցումն ուղարկելու օրվանից 1 տարի հետո»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru