Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հասարակություն
Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, քանի որ կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, հաղորդում է «Փաստինֆո»-ն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 19-ին 7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն մի շարք ուժեր ներկայացրել են նաև լրացուցիչ պահանջներ։
Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանքային պահանջ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց կարծիքով առկա են բավարար հիմքեր ընտրությունների արդյունքները վերանայելու համար։
«Հայաստան» դաշինքը ևս վիճարկում է ԿԸՀ որոշումը՝ ներկայացնելով մեկ պահանջ՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. պնդում են՝ խախտումներն այնքան ցցուն են, որ ընտրությունները պետք է միայն անվավեր ճանաչվեն։
ՍԴ է դիմել նաեւ ԲՀԿ-ն, որին զրկեցին մանդատից՝ 3 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով։
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաեւ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուղի» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, եւ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցությաունը։
ՍԴ-ն միավորել է գործերը մեկ վարույթում, զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել