Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։
Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը և պահման պայմանները։
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում դրանց անհապաղ արձագանքելու և լուծումներ առաջարկելու նպատակով։
Այցերի արդյունքները կամփոփվեն, և անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում։
Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել