ՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերում
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ելույթ ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է զինված ուժերում առաջատար տեխնոլոգիաների ինտեգրման կարևորությունը։
«Այսօր մեր զինված ուժերը ակտիվորեն ներդնում են արհեստական բանականության տարրեր, ռոբոտացված համակարգեր և կառավարման ինտեգրված համակարգեր։ Ձեր առաքելությունն է ոչ միայն տիրապետել այդ տեխնոլոգիաներին, այլև մշակել դրանց մարտավարական կիրառման նոր մոտեցումներ մարտական պայմաններում», - հայտարարել է Բելոուսովը։
Նախարարը միաժամանակ շեշտել է մարդկային գործոնի անփոխարինելի դերը տեխնոլոգիական զարգացման պայմաններում։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ալգորիթմի և մեքենայի հետևում մարդն է կանգնած, ուստի անձնակազմի արդյունավետ կառավարումը շարունակում է մնալ սպայի հիմնական հմտություններից մեկը։ Սպաները պետք է կարողանան արդյունավետ ղեկավարել ստորաբաժանումները, պահպանել խիստ կարգապահություն և պատասխանատվություն կրել իրականացվող գործողությունների արդյունքների համար։
Բելոուսովն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» ընթացքում ձեռք բերված մարտական փորձին՝ կոչ անելով շրջանավարտներին ուսումնասիրել և կիրառել այդ փորձը ժամանակակից մարտավարության մեջ։ Նրա խոսքով՝ դա կնպաստի ստորաբաժանումների արդյունավետության բարձրացմանը և ձեռք բերված արդյունքների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել