Շերեմետևո օդանավակայանում կես ժամվա տարբերությամբ խափանվել են երկու Superjet ինքնաթիռների շարժիչներ
Ռուսաստան
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող երկու Sukhoi Superjet ինքնաթիռների հետ գրեթե կես ժամվա տարբերությամբ տեխնիկական խնդիրներ են գրանցվել։ Այդ մասին հայտնում է Shot Telegram-ալիքը՝ նշելով, որ երկու դեպքերն էլ կապված են եղել շարժիչների աշխատանքի խափանումների հետ։
Առաջին ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Կազան։ Թռիչքուղի շարժվելու ընթացքում անձնակազմը նկատել է շարժիչներից մեկի ուժեղ թրթռումները, ինչից հետո օդանավը վերադարձվել է կայանատեղի։ Ինքնաթիռում գտնվել է 79 ուղևոր, և միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։ Ընդամենը 37 րոպե անց Նիժնի Նովգորոդից ժամանած մեկ այլ Superjet-ի օդաչուները վայրէջքից հետո ստացել են շարժիչի բարձր թրթռման մասին նախազգուշացում։ Արդյունքում շարժիչը անջատվել է, և օդանավը կայանատեղի է տեղափոխվել մեկ գործող շարժիչով։
Հետագա ստուգումների ընթացքում մասնագետները հայտնաբերել են տուրբինի կարգավորման համակարգի խողովակաշարերի ամրացման վնասված տարրեր։ Երկու ինքնաթիռներն էլ ժամանակավորապես դուրս են բերվել շահագործումից, իսկ միջադեպերի հանգամանքները կքննի Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալության՝ Ռոսավիացիայի հատուկ հանձնաժողովը։ Նշվում է նաև, որ սա վերջին ամիսներին Sukhoi Superjet-ի մասնակցությամբ արձանագրված առաջին տեխնիկական միջադեպը չէ։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել