Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական հեռախոսազրույցն են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Интерфакс»-ը։
Ըստ Ուշակովի, զրույցը սկսվել է ամերիկացի առաջնորդին և ԱՄՆ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքով։
«Այսօրվա՝ երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը սկսվեց նրանից, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորեց Դոնալդ Թրամփին և ողջ ամերիկյան ժողովրդին այս նշանակալի տոնի առթիվ՝ հիշեցնելով ամերիկյան պետականության կայացման գործում Ռուսաստանի ներդրման մասին», — ասել է Յուրի Ուշակովը լրագրողներին։
Ուշակովի տեղեկացմամբ, զրույցի ընթացքում առաջնորդները նաև նշել են ընդհանուր պատմական հիշողության պահպանման կարևորությունը։
Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը «նշել են պատմության այն ընդհանուր էջերի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի կարևորությունը, որոնք մեզ կապում են»։ Նա հավելել է, որ զրույցում առանձնահատուկ ընդգծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությունն այս տարի անցկացվում է լայն թափով՝ նշելով, որ ռուս առաջնորդը զրույցի ընթացքում նույնպես հիշատակել է այդ փաստը։
Ուշակովը նշել է, որ սա արդեն Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ընթացիկ տարվա սկզբից ի վեր չորրորդ հեռախոսազրույցն է։
Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ՝ Ռուսաստանի օրվա առթիվ, Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին «ջերմ շնորհավորական ուղերձ» էր հղել։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը