Դատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածք
Հասարակություն
Արարատի մարզի դատախազության միջամտության արդյունքում Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք։ Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել են զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի տրամադրման վերաբերյալ իրավական խախտումներ։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա․Բ․-ն, խախտելով գործող օրենսդրության պահանջները, 2008 թվականի փետրվարի 12-ին Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը 99 տարի ժամկետով տրամադրել է ֆիզիկական անձի՝ կառուցապատման իրավունքով։
Դատախազի միջնորդագրի հիման վրա համայնքային մարմինների իրականացրած միջոցառումների արդյունքում 2026 թվականի հուլիսի 17-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է տվյալ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողատարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 1 մլն 182 հազար դրամ։ Դատախազությունը հայտնում է, որ Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում այլ հողամասերի նկատմամբ գրանցված իրավունքների դադարեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է