Համաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար
Տնտեսություն
Համաշխարհային բանկը նախազգուշացնում է, որ Ռուսաստանի կողմից հայկական կաթնամթերքի ներմուծման սահմանափակումը լուրջ ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար։ «Armenia's Economic Pulse» ամենամյա զեկույցի համաձայն՝ հուլիսի 27-ից ուժի մեջ մտած սահմանափակումների հետևանքով վտանգի տակ է հայտնվել կաթնամթերքի արտահանման եկամուտների զգալի մասը, քանի որ արտահանվող արտադրանքի շուրջ 78.3%-ն ուղղվում է ռուսական շուկա․ հայտնում է Sputnik Արմենիան։
Բանկի ներկայացուցիչների խոսքով՝ արտահանման խոչընդոտներն արդեն ազդում են առևտրի վրա․ մայիսին դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 15%-ով։ Քանի որ գյուղմթերքի և կաթի արտադրությամբ զբաղվում են հազարավոր գյուղացիներ, արտահանման դադարեցումը կարող է անմիջապես հարվածել նրանց եկամուտներին և հանգեցնել ներքին շուկայում գների տատանումների։
Զեկույցում նշվում է նաև, որ թեև Հայաստանում աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ շարունակում են մնալ խոցելի տնտեսական ցնցումների նկատմամբ։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ հիմնական խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասն է, այլ դրանց ցածր արտադրողականությունն ու վարձատրությունը։
Բացի այդ, բանկը մատնանշել է, որ երկրի խոշոր առևտրային ցանցերի բարձր կենտրոնացվածությունը սահմանափակում է արդար գնագոյացումը։ Միաժամանակ, Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ազդեցությամբ Համաշխարհային բանկը Հայաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 5.9%-ից նվազեցրել է մինչև 5.3%։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն