Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը, լրագրողի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում իր հետագա գործունեությանն ու վարքագծին, արել է այսպիսի արտահայտություն. «Կարող է էդտեղ չհայհոյեմ, հանեմ դուրսը հայհոյեմ»։ Առաջին հայացքից կենցաղային թվացող այս դրսևորումը իրականում պատահականություն չէ. այն առաջիկա խորհրդարանական գործընթացներից առաջ յուրօրինակ «առաջին ծիծեռնակն» է և հստակ ակնարկ, թե ինչպես է իշխող ուժը պատրաստվում իրեն պահել նաև ապագա խորհրդարանում:
Ուշագրավ է, որ նման վարքագիծը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով։ Թեև Ազգային ժողովի նախագահ դարձած Ռուբեն Ռուբինյանն իր «նախընտրական» ելույթում ընդդիմությանը կոչ էր անում հարաբերությունները սկսել «զրոյական կետից», միևնույն ժամանակ հենց ընդդիմության հասցեին հայտարարում էր, թե հակառակ պարագայում նրանք «կստանան այն, ինչ նախկինում է եղել»։ Սա, ըստ էության, նույն սպառնալից վարքագծի դրսևորումն է. իշխանությունն ընդդիմությանն ուղղակի մեսիջ է հղում՝ «եթե չխաղաք մեր խաղի կանոններով, կստանաք բռնություն, լկտի վերաբերմունք և քրեական գործեր»։
«Արմռուս» ինֆորմացիոն գործակալության մեկնաբանի դիտարկմամբ, սա արդեն տարիներ շարունակ ձևավորված և արմատացած վարքագիծ է։ Իշխանության եկած խումբը, առաջնորդվելով բացառապես «խունտայի» տրամաբանությամբ, սեփական քաղաքական ու կառավարչական բոլոր ձախողումները, Արցախի կորուստը և երկրին բերած աղետալի հետևանքները քննարկումներից դուրս մղելու համար մշտապես դիմել է նույն մեթոդներին։ Բովանդակային պատասխանատվությունից խուսափելու համար խորհրդարանական ամբիոնն ու նիստերի դահլիճը պարբերաբար վերածվել են ցածր մակարդակի, լկտի բառապաշարի, սկանդալների և նույնիսկ ծեծկռտուքների հարթակի։
Այս համատեքստում թե՛ ղեկավար կազմի սպառնալից հայտարարությունները, թե՛ պատգամավորների նմանօրինակ «ակնարկները» փաստում են, որ իշխող թիմը չի պատրաստվում փոխել իր քաղաքական ձեռագիրը։ Նրանք փորձելու են նաև նոր խորհրդարանում պահպանել նույն վարքագիծը՝ հանրային ուշադրությունը բուն ողբերգություններից ու խնդիրներից շեղելու և քաղաքական դաշտը հետևողականորեն արժեզրկելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան