Իրանում կասեցվել է հայկական պղպեղի տեղափոխումը՝ փաստաթղթերի կեղծման կասկածի պատճառով
Հասարակություն
Իրանի Աստարայի մաքսակետում և բեռնային տերմինալում կուտակվել են ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով բեռնատարներ։ Դաղստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ դրանք տեղափոխում են Հայաստանում աճեցված պղպեղ, որը նախատեսված էր Ռուսաստան վերաարտահանելու համար։
Ըստ նախարարության՝ իրանցի միջնորդները փորձել են փոխել ուղեկցող փաստաթղթերը՝ հայկական ծագման ապրանքը որպես իրանական ներկայացնելու նպատակով։
Դաղստանցի վարորդները շուրջ տասը օր է՝ սպասում են խնդրի լուծմանը։ Այդ ընթացքում պղպեղի մի մասը սկսել է փչանալ, քանի որ պահպանման ժամկետները մոտենում են ավարտին։ Փոխադրողները պահանջում են թույլատրել բեռի բեռնաթափումը, մինչդեռ միջնորդները պնդում են, որ այն տեղափոխվի առանց բեռնաթափման, հայտնում է «Ռիա Դաղստանը»։
Իրավիճակին միջամտել է Դաղստանի ավտոմոբիլային փոխադրողների տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը նախատեսում է մոտ օրերս դիմել Իրանի արդարադատության նախարարությանը՝ պարզելու հետագա գործողությունների կարգը և պահանջելու հարկադիր պարապուրդի հետևանքով կրած վնասների փոխհատուցում։
Դաղստանի տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարարությունը հայտարարել է, որ անթույլատրելի է հայկական արտադրանքի ապօրինի տեղափոխումը՝ այն այլ երկրի արտադրանք ներկայացնելով։ Գերատեսչությունը կոչ է արել խստորեն պահպանել գործող օրենսդրությունը և բացառել այնպիսի գործողությունները, որոնք հանգեցնում են բեռների երկարատև կանգի և ապրանքի փչացման։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան