Հետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկը
Հասարակություն
Diabetes, Obesity and Metabolism (DOM) ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ որովայնային ճարպակալման և վիտամին D-ի արտահայտված պակասի համադրությունը 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ կարող է ավելի քան կրկնապատկել վաղաժամ մահվան վտանգը։
Գիտնականները վերլուծել են Անգլիայի ծերացման երկարաժամկետ հետազոտության (ELSA) 5520 մասնակցի տվյալները՝ նրանց առողջական վիճակին հետևելով վեց տարվա ընթացքում։ Արդյունքները ցույց են տվել, որ որովայնային ճարպակալում և վիտամին D-ի արտահայտված պակաս ունեցող մարդկանց մոտ մահվան ռիսկը 123 տոկոսով ավելի բարձր է, քան այդ գործոնները չունեցող մասնակիցների դեպքում։ Առանձին վերցրած՝ որովայնային ճարպակալումը մեծացրել է ռիսկը մոտ 47-50 տոկոսով, իսկ վիտամին D-ի պակասը՝ 81-91 տոկոսով։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ստացված արդյունքները ցույց են տալիս վիճակագրական կապ, սակայն չեն ապացուցում պատճառահետևանքային կախվածություն։ Այնուամենայնիվ, նրանք կարևոր են համարում 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ ժամանակին հայտնաբերել որովայնային ճարպակալումն ու վիտամին D-ի պակասը, քանի որ դրանց վերահսկումը կարող է նպաստել վաղաժամ մահվան ռիսկի նվազեցմանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան