Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը
Աշխարհ
Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային հեշտացնել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը։
Հարավային Կորեայի արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրային բանակցությունների վարչության ղեկավար Ե Հան Գուն Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով նախարար Անաս Սավայի հետ տեսակապով քննարկել է սահմանափակումների ազդեցությունը։
Սեուլը մտահոգություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի կողմից 2027 թվականի հունվարից ռուսական բնական հեղուկ գազի հետ կապված ծառայությունների՝ այդ թվում ծովային փոխադրումների և ապահովագրության արգելքը կարող է խաթարել գազի մատակարարումները Հարավային Կորեա։
Կորեական կողմի խոսքով՝ դա կարող է անդրադառնալ երկրի էներգետիկ անվտանգությանը, քանի որ Հարավային Կորեան ռուսական գազի որոշ մատակարարումների վրա ունի երկարաժամկետ պայմանագրեր։
Մասնավորապես, Հարավային Կորեայի գազային կորպորացիան մինչև 2028 թվականի մարտը պայմանագիր ունի «Սախալին-2» նախագծի շրջանակում արտադրվող հեղուկացված բնական գազի ներմուծման համար։
Ե Հան Գուն նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցների կիրառման հարցում ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը նախկինում բացառություն էր սահմանել «Սախալին-2»-ի գազի մատակարարումների համար դեպի Հարավային Կորեա և Ճապոնիա։
Կողմերը քննարկել են նաև առևտրային այլ հարցեր, այդ թվում՝ հարավկորեական պողպատի ներմուծման սահմանափակումները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան