Սիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառով
Աշխարհ
Սիցիլիայում Կատանիայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ժամանող չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառով։ Մոխրի և ծխի ամպը բարձրացել է ավելի քան երեք կիլոմետր։ Այդ մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Կատանիայի օդանավակայանը գտնվում է հրաբխի խառնարանից ընդամենը 45 կմ հեռավորության վրա։ Մթնոլորտ արտանետված հրաբխային մոխրի պատճառով փակվել է օդային տարածքի մի հատվածը, իսկ ժամանող երեք չվերթ ուղղվել է այլ օդանավակայաններ։ Trenitalia երկաթուղային ընկերությունը լրացուցիչ փոխադրումներ է կազմակերպել այն ուղևորների համար, որոնց ուղևորությունները խաթարվել են սահմանափակումների հետևանքով։
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Էթնայի ակտիվությունն ուղեկցվել է Վորաջինե խառնարանից լավայի արտահոսքով և հրաբխային ցնցումների կտրուկ ուժգնացմամբ։ Ավիացիոն վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն՝ «կարմիր» աստիճանի։ Սպասվում է, որ օդանավակայանը լիարժեք կվերսկսի աշխատանքը, երբ քամին ցրի մոխրի ամպը և օդային տարածքը կրկին անվտանգ ճանաչվի թռիչքների համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան