Կարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել է
Համաշխարհային Մամուլ
Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցում բեռնատար նավի վրա ենթադրյալ հարձակման հետևանքով անձնակազմի երեք անդամ է զոհվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ զոհերից երկուսը Պակիստանի, մեկը՝ Ինդոնեզիայի քաղաքացի է։
Եգիպտական սեփականություն հանդիսացող «Tihamah» բեռնատար նավը Եմենի Պերիմ կղզուց հյուսիս-արևելք գտնվելիս խոցվել է անհայտ արկով։ Աղբյուրները ենթադրում են, որ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Իրանի աջակցությունը վայելող հութիները, սակայն վերջիններս դեռ չեն ստանձնել պատասխանատվությունը։ Հարվածից հետո անձնակազմը կորցրել է նավի կառավարումը։
Նույն օրը Պակիստանի ափերից մոտ 71 ծովային մղոն հեռավորության վրա հրթիռային հարվածի է ենթարկվել Պանամայի դրոշով ընթացող «Vela Nova» բեռնարկղային նավը։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան ուղղաթիռը Hellfire հրթիռով խոցել է նավի ղեկային հատվածը, երբ այն փորձել է խուսափել տարածաշրջանում Իրանի հետ կապված նավերի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած շրջափակումից։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն առայժմ չի մեկնաբանել տեղեկությունը։
Տարածաշրջանում լարվածության հետևանքով նավագնացությունը կտրուկ նվազել է։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով օրական անցնող նավերի միջին թիվը շրջափակումից առաջվա 50-ից նվազել է մինչև 32, իսկ Հորմուզի նեղուցով օգոստոսի 10-ին անցել է ընդամենը վեց նավ՝ մինչպատերազմյան օրական 130-140-ի փոխարեն։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է