Եվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնել
Աշխարհ
Եվրոպայի գազապահեստարանները ներկայում լցված են ընդամենը 59 տոկոսով, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից ի վեր՝ տվյալների հավաքագրման ողջ ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ ձմռանն ընդառաջ անհրաժեշտ քանակությամբ գազ կուտակելու հարցը գնալով ավելի հրատապ է դառնում։
Իրավիճակը բարդացել է Մերձավոր Արևելքում պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով, ինչի պատճառով փաստացի դադարել է Կատարից հեղուկացված բնական գազի արտահանումը։ Կատարը համարվում է աշխարհում հեղուկացված բնական գազի խոշորագույն արտադրողներից մեկը։ Միաժամանակ Էլ Նինյո կլիմայական երևույթն ու բարձր ջերմաստիճանները մեծացրել են էներգակիրների պահանջարկը։ Իրավիճակի վրա շարունակում է ազդել նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորման բացակայությունը։
Եթե մատակարարումների պակասը պահպանվի, իսկ Եվրոպան ձմեռը դիմավորի գազի ցածր պաշարներով, ցուրտ ամիսներին մայրցամաքը կարող է ստիպված լինել ավելի բարձր գներ վճարել ջեռուցման և էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար։ Bloomberg-ի տվյալներով՝ գազի գներն արդեն կրկնապատկվել են 2025 թվականի համեմատ։ Միաժամանակ հիմնական մտահոգությունը ոչ այնքան վառելիքի ֆիզիկական պակասն է, որքան այն, թե եվրոպական տնային տնտեսություններն ու արդյունաբերությունը որքանով կկարողանան դիմակայել գների հնարավոր նոր աճին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է