Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել
Գիտություն և Մշակույթ
Երևանի Սիլիկյան թաղամասում, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքը, շարունակվում են հնագիտական պեղումները։ Այստեղ հայտնաբերված հնավայրի տարիքը, ըստ նախնական գնահատականների, կարող է հասնել մոտ 15 հազար տարվա։
Հնավայրն առաջին անգամ հայտնաբերել է հնագետ Հակոբ Սիմոնյանը դեռևս 1980-ականներին, սակայն լայնածավալ ուսումնասիրությունները վերսկսվել են միայն 2025 թվականին։ Այս տարի հնագետներն ուսումնասիրություններ են իրականացնում բլրի հարավային լանջին և ստորոտին։
Մոտ 500 քմ տարածքում արդեն հայտնաբերվել է շուրջ 42 կլոր հատակագծով կառույց և տարածք՝ 2-ից 5 մետր տրամագծով։ Դրանց մի մասում պահպանվել են նաև կավածեփ հատակներ։
Հնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես 17 մետրից ավելի տրամագծով խոշոր կառույցը, որը, նախնական գնահատմամբ, ունեցել է հասարակական նշանակություն։ Կառույցի ներսում ևս հայտնաբերվել է կավածեփ հատակ, իսկ պատերի հատվածում պահպանվել է միջին և խոշոր չափերի քարերից կազմված աղեղնաձև շարվածք։
Մասնագետների խոսքով՝ հնավայրի առանձնահատկությունն այն է, որ խոսքը բաց տարածքում գտնվող բնակավայրի մասին է։ Այդ ժամանակաշրջանի հայտնի հնավայրերի մեծ մասը կապված է քարանձավների և քարանձավային համալիրների հետ, ուստի այս գտածոն կարող է կարևոր տեղեկություններ հաղորդել Հայաստանի և տարածաշրջանի վաղ բնակեցման պատմության վերաբերյալ։
Հնագետները նաև առաջարկում են ապագայում հնավայրը ներառել Ակադեմիական քաղաքի նախագծում՝ այն ոչ միայն պահպանելով, այլև դարձնելով գիտական հետազոտությունների և ակադեմիական գործունեության մաս։ Նրանց գնահատմամբ՝ հազարավոր տարիների պատմություն ունեցող այս հնավայրը կարող է դառնալ ապագա Ակադեմիական քաղաքի առանձնահատկություններից մեկը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է