Օդաչուներն ու բորտուղեկցորդները քաղցկեղից մահացության բարձր ռիսկ ունեցող մասնագիտությունների շարքում են․ հետազոտություն
Հասարակություն
Օդաչուների և բորտուղեկցորդների շրջանում իոնացնող ճառագայթման հետ կապվող քաղցկեղային հիվանդություններից մահերի մասնաբաժինն ամենաբարձրերից է։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտությանը, որի շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 503 մասնագիտություն ներկայացնող գրեթե 13 միլիոն մահացած անձանց տվյալները։
Հետազոտության համաձայն՝ բորտուղեկցորդների մահերի 6,9, իսկ օդաչուների՝ 6,7 տոկոսը կապված է եղել ճառագայթման ազդեցության հետ կապվող քաղցկեղի տեսակների հետ։ Նրանց շրջանում վիճակագրորեն ավելի հաճախ են գրանցվել կրծքագեղձի, կենտրոնական նյարդային համակարգի և շագանակագեղձի քաղցկեղից, ինչպես նաև մելանոմայից մահվան դեպքեր։ Օդաչուների մոտ բարձր է եղել նաև լեյկոզից մահվան ցուցանիշը։
Հետազոտության հեղինակները հնարավոր հիմնական պատճառ են համարում մեծ բարձրությունների վրա թռիչքների ժամանակ տիեզերական ճառագայթման կանոնավոր ազդեցությունը։ Գիտնականների կարծիքով՝ օդանավերի անձնակազմերի համար անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկել կուտակվող ճառագայթման չափաբաժինը և կիրառել լրացուցիչ պաշտպանական միջոցներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել