Պատրիարք Կիրիլի խորհրդականը պատմել է Ֆիդել Կաստրոյի հետ նրա հանդիպումների մասին
Աշխարհ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը երեք անգամ հանդիպել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ РИА Новости-ին այս մասին պատմել է պատրիարքի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։ Նրա խոսքով՝ հանդիպումները տևել են երկու-երեք ժամ, իսկ զրույցների ընթացքում քննարկվել են մարդկային ազատության, հասարակության և հոգևոր արժեքների վերաբերյալ հարցեր։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2004 թվականին և կապված էր Հավանայում ռուսական ուղղափառ եկեղեցի կառուցելու ծրագրի հետ։ Բալաշովի խոսքով՝ Կաստրոն ոչ միայն հավանություն է տվել նախաձեռնությանը, այլև որոշել է, որ եկեղեցին ամբողջությամբ կառուցվի Կուբայի կառավարության միջոցներով։ «Ես ինքս կլինեմ այս շինարարության կոմիսարը»,- ասել է Կաստրոն։ Չորս տարի անց Հավանայում կառուցված Կազանի Աստվածամոր սրբապատկերի անունը կրող եկեղեցին օծվել է։
Կիրիլի և Կաստրոյի վերջին հանդիպումը կայացել է 2016 թվականին՝ Հավանայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումից մեկ օր անց։ Պատրիարքի խոսքով՝ նույնիսկ 90 տարեկանում Կաստրոն պահպանել էր մտքի հստակությունը և մեծ ուշադրությամբ լսում էր զրուցակցին։ Բալաշովը նաև պատմել է, որ Կաստրոն Կիրիլի հետ զրույցում հիշել է կաթոլիկ ճիզվիտական քոլեջում իր ուսման տարիները և խոստովանել, որ երիտասարդ տարիքում Ավետարանի խոսքերն ազդեցություն են ունեցել իր կյանքի ուղու ընտրության վրա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել