Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով
Աշխարհ
ԱՄՆ նախագահի նախկին հեռուստահուշարարի օպերատոր Գաբրիել Պերեսը ավելի քան 172 հազար դոլար կվճարի՝ Դոնալդ Թրամփի ելույթների վերաբերյալ ներքին տեղեկատվության օգտագործմամբ խաղադրույքներ կատարելու գործով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (CFTC)։
Պերեսը նախապես հասանելիություն է ունեցել Թրամփի պատրաստվող ելույթներին և կանխատեսման շուկայում խաղադրույքներ է կատարել այն մասին, թե նախագահը կոնկրետ ինչ բառեր կամ արտահայտություններ կօգտագործի։ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվար նա այդ գործարքներից ստացել է շուրջ 107,5 հազար դոլարի շահույթ։
Համաձայն ձեռք բերված կարգավորման՝ Պերեսը պետք է վերադարձնի ստացած 107 539 դոլարի շահույթը և վճարի ևս 65 հազար դոլար քաղաքացիական տուգանք։ Բացի այդ, նրան երեք տարով արգելվել է առևտուր իրականացնել նման հարթակներում։
Պերեսն այլևս չի աշխատում ԱՄՆ դաշնային կառավարությունում։ CFTC-ն նշել է, որ տուգանքի չափը նվազեցվել է նրա համագործակցության շնորհիվ։ Գործը վերաբերում է կանխատեսումների շուկա Kalshi-ում Թրամփի ելույթների բովանդակության վերաբերյալ կատարված գործարքներին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ