Հայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար
Աշխարհ
Սեպտեմբերի 1-6-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի (World Association of Detectives) 101-րդ ամենամյա կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 200 պատվիրակներ աշխարհի ավելի քան 80 երկրներից։ Հայաստանը համաժողովում ներկայացրել է Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիայի նախագահ, Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի դեսպան Հայկ Գաբրիելյանը։
Կոնֆերանսի շրջանակում կայացել են նաև ասոցիացիայի ղեկավար մարմինների ընտրությունները։ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի նախագահ է ընտրվել մինչ այդ առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Խուան Ջիրալդոն։
Հայաստանի համար 101-րդ կոնֆերանսը նշանավորվել է կարևոր ձեռքբերմամբ։ Նորընտիր նախագահի առաջարկությամբ և ասոցիացիայի խորհրդի որոշմամբ Հայկ Գաբրիելյանն ընտրվել է Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար և համանախագահ (Regional Governor and Co-Chair of Europe)։
«Այս ընտրությունն ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Այն առաջին հերթին Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիայի տարիների աշխատանքի և մեր ձևավորած միջազգային կապերի ճանաչումն է։ Նոր կարգավիճակը հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի ակտիվ մասնակցել եվրոպական տարածաշրջանի մասնագիտական օրակարգի ձևավորմանը, այլև Հայաստանը դարձնել ոլորտային քննարկումների և համատեղ նախագծերի կարևոր կենտրոններից մեկը։ Մեր նպատակը գործընկերների միջև ավելի ամուր և արդյունավետ ցանց ստեղծելն է, որը թույլ կտա տարբեր երկրներում ծագող նույնիսկ ամենաբարդ խնդիրների դեպքում արագ համագործակցել և գտնել լուծումներ», — նշել է Հայկ Գաբրիելյանը։
Կոնֆերանսի ընթացքում արձանագրվել է նաև Հայաստանի համար մեկ այլ կարևոր արդյունք․ Հայաստանը ներառվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի՝ 2029 թվականին կայանալիք 104-րդ կոնֆերանսը հյուրընկալելու թեկնածու երկրների շարքում։
Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիայում սա դիտարկում են որպես հնարավորություն՝ առաջիկա տարիներին ընդլայնելու միջազգային համագործակցությունը, Հայաստան բերելու ոլորտի առաջատար մասնագետների փորձը և միաժամանակ միջազգային հարթակներում ավելի տեսանելի դարձնելու հայկական մասնագիտական համայնքը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)