Ֆոն դեր Լայենը Փարիզում կփորձի համոզել ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին դրա առավելությունների հարցում․ Politico
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզում կայանալիք միջազգային տիեզերական գագաթնաժողովում ելույթ կունենա՝ փորձելով ֆրանսիացիներին համոզել Եվրամիության առավելությունների հարցում։ Politico-ի փոխանցմամբ՝ այցը տեղի է ունենում Ֆրանսիայում եվրասկեպտիկ տրամադրությունների կտրուկ աճի և մոտեցող նախագահական ընտրությունների ֆոնին։
«Իրավիճակը հասել է կարմիր տագնապի մակարդակի։ Ես երբեք չեմ տեսել, որ Ֆրանսիայում ԵՄ-ի նկատմամբ այսքան բացասական վերաբերմունք լինի»,- Politico-ին ասել է եվրոպացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիների դժգոհության հիմնական թեմաներից են Բրյուսելի քաղաքականությունն ու միգրացիան։
Սպասվում է, որ ֆոն դեր Լայենի ելույթի հիմնական ուղերձը կլինի այն, որ ԵՄ անդամակցությունը եվրոպական երկրներին հնարավորություն է տալիս իրականացնել խոշոր նախագծեր և մրցակցել համաշխարհային տերությունների հետ։ Պաշտոնապես Եվրահանձնաժողովը հայտնել է, որ նա ներկայացնելու է ԵՄ առաջնահերթությունները տիեզերական ոլորտում՝ շեշտը դնելով մրցունակության, անվտանգության և կայունության վրա։
Politico-ն նշում է, որ Բրյուսելի համար Ֆրանսիայում քաղաքական իրավիճակը բարդ է։ Մարին Լը Պենը նախագահական ընտրություններից առաջ առաջատար դիրքեր ունի հարցումներում, իսկ եվրասկեպտիկ Ժան-Լյուկ Մելանշոնը ևս երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունի։ Ըստ պարբերականի՝ նման պայմաններում ֆոն դեր Լայենի ելույթը կարող է չտալ այն եվրոպամետ ազդեցությունը, որի վրա հույս ունեն Բրյուսելում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է