Նոր աստղադիտակը թույլ կտա տեսնել մինչ այժմ ուղղակի դիտարկման համար անհասանելի սև խոռոչներ
Գիտություն և Մշակույթ
Ռուսական «Սպեկտր-Մ» («Միլիմետրոն») տիեզերական աստղադիտարանը կկարողանա շատ ավելի մանրամասն պատկերել Ծիր Կաթինի կենտրոնում և M87 գալակտիկայում գտնվող գերզանգվածային սև խոռոչները, ինչպես նաև լուսանկարել մի քանի սև խոռոչ, որոնք ներկայում հասանելի չեն ուղղակի դիտարկումների համար։
ՌԴ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Վյաչեսլավ Ավդեևի խոսքով՝ «Միլիմետրոնը» հայտնի սև խոռոչները կկարողանա դիտարկել մոտ 10 անգամ ավելի բարձր մանրամասնությամբ։ Բացի այդ, այն հնարավորություն կտա ուսումնասիրել այլ գալակտիկաներում գտնվող մի քանի սև խոռոչներ, որոնք ներկայիս Event Horizon Telescope-ի հնարավորություններից դուրս են։
Սև խոռոչները հնարավոր է հայտնաբերել նաև անուղղակի եղանակներով՝ հետևելով դրանց շուրջ աստղերի շարժմանը կամ նյութի կուտակման հետևանքով առաջացող ճառագայթմանը։ Օրինակ՝ Ծիր Կաթինի կենտրոնում աստղերի չափազանց արագ շարժումը ցույց է տալիս, որ դրանք պտտվում են միլիոնավոր Արեգակների զանգված ունեցող անտեսանելի օբյեկտի շուրջ։
«Սպեկտր-Մ» տիեզերական աստղադիտարանի արձակումը նախատեսվում է 2035 թվականին։ Այն նախատեսված է ոչ միայն սև խոռոչների, այլև Տիեզերքի ջերմադինամիկ գործընթացների, ինչպես նաև Արեգակնային համակարգի մոլորակների և աստերոիդների ուսումնասիրության համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է