Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Հայաստան
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանն անդրադարձել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի փակման և դրա հետևանքով առաջացած դժգոհություններին։
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ էին տարածվում հանգույցի վատ վիճակի և ճանապարհին գոյացած բազմաթիվ փոսերի մասին, իսկ այժմ դժգոհություններ են հնչում արդեն հիմնանորոգման պատճառով այն փակելու վերաբերյալ։
«Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր․ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։ Այսօր նույն մամուլը գրում է․ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է»,- գրել է Ազարյանը։
Քաղաքապետի խոսնակի խոսքով՝ քաղաքային ենթակառուցվածքների վերանորոգումն առանց ժամանակավոր անհարմարությունների հնարավոր չէ։
«Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է»,- նշել է նա։
Ազարյանը հիշեցրել է, որ այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։
Աշխատանքների շրջանակում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացնել հենասյուները, ինչպես նաև վերգետնյա մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով։
Ըստ քաղաքապետարանի ներկայացրած ժամանակացույցի՝ տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է