14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Ռուսաստան
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Գորոդեց քաղաքում 14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ։ Տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի սկզբում՝ տաքացման վարժություններ կատարելու և թեթև վազքի ընթացքում, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։
Այս մասին հայտնել է Նիժնի Նովգորոդի մարզի կրթության նախարար Միխայիլ Պուչկովը։
Դպրոցի բուժքույրը անմիջապես սկսել է առաջին օգնություն ցուցաբերել, իսկ դպրոցի աշխատակիցները շտապօգնություն են կանչել։ Բժշկական բրիգադը դպրոց է ժամանել մոտ 7 րոպե անց, սակայն իրականացված վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել, և երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև երեխայի մահվան պատճառը, այս պահին դեռևս պարզված չեն։ Պաշտոնական աղբյուրները հորդորում են վաղաժամ եզրակացություններ չանել, քանի դեռ քննությունը չի ավարտվել։
Միաժամանակ, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ դասից առաջ որոշ աշակերտներ, հնարավոր է, վեյփ են օգտագործել։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, և այս պահին որևէ հիմք չկա այն կապելու 14-ամյա դպրոցականի մահվան հետ։
Իրավապահ մարմինները շարունակում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է