Ռուսաստանում լուրեր են շրջանառվում, որ Սոբյանինը կարող է հեռացվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից
Ռուսաստան
Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ են տեղեկություններ տարածվում, թե Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարող է հեռացվել պաշտոնից և, Սերգեյ Շոյգուի օրինակով, նշանակվել որևէ երկրորդական պաշտոնի. հայտնում է Intel Slava-ն։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը Սոբյանինի շուրջ ձևավորված պաշտոնյաների մեծ խումբն է, որը Մոսկվայի շուրջ 15-ամյա կառավարման ընթացքում, ըստ այդ պնդումների, կոռուպցիոն սխեմաներ է զարգացրել։ Նշվում է, որ Սոբյանինի և նրա շրջապատի նկատմամբ կարող է իրականացվել հակակոռուպցիոն արշավ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում Շոյգուի պաշտոնավարման շրջանում իրականացված գործողությունների նմանությամբ։
Նույն աղբյուրների համաձայն՝ Մոսկվան բախվում է մի շարք խնդիրների։ Քաղաքապետարանի հետ կապեր ունեցող կառուցապատողները, ըստ պնդումների, ազատորեն իրականացնում են իրենց ծրագրերը՝ քանդելով պատմական կառույցներ, ոչնչացնելով ենթակառուցվածքներ ու այգիներ և նոր շինություններ կառուցելով իրենց ցանկությամբ։
Նշվում է նաև, որ քաղաքի ճանապարհները տարիներ շարունակ անմխիթար վիճակում են, իսկ ջրամատակարարման և կոյուղու համակարգերը վերանորոգման կարիք ունեն։ Ըստ հրապարակման՝ Մոսկվայի բյուջեի դեֆիցիտը հասնում է շուրջ կես տրիլիոն ռուբլու, իսկ քաղաքային ակտիվների և ընկերությունների զգալի մասը վաճառվել է կամ սնանկացել։
Միաժամանակ խնդիրներ են արձանագրվում հասարակական տրանսպորտի ոլորտում, որը, ըստ այդ պնդումների, տուժում է թերֆինանսավորումից և հին տրանսպորտային միջոցներից։ Սոբյանինի վարչակազմին վերագրվում է նաև ռուսական մի շարք լրատվամիջոցների և Telegram-ալիքների վերահսկողությունը, ինչը, ըստ հրապարակման, մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում և դժգոհություն է առաջացնում «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավարության շրջանում, որտեղ Սոբյանինը ազդեցիկ գործիչ է։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է