Ինչո՞ւ են Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները ռեկորդներ գրանցում․ տնտեսագետի մեկնաբանությունը
Տնտեսություն
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գների աճը պայմանավորված է միջազգային շուկայում տեղի ունեցող մի շարք գործընթացներով։ Sputnik Արմենիայի եթերում ասել է տնտեսագետ Ագասի Թավադյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում վառելիքի ներկրողների միջև չհայտարարված պայմանավորվածության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ շուկայում առկա է բարձր մրցակցություն, հատկապես վերջին շրջանում նոր խաղացողների հայտնվելու պայմաններում։
Տնտեսագետի խոսքով՝ այս տարի միջազգային շուկայում տեղի է ունեցել երկու լուրջ ցնցում՝ կապված Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցների շուրջ իրավիճակի, ինչպես նաև ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների հետ։
Եթե 2023 թվականին Հայաստան ներկրվող բենզինի շուրջ 90%-ը գալիս էր Ռուսաստանից, ապա այժմ Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է մոտ 20%-ի։ Ըստ կանխատեսումների՝ մինչև տարեվերջ այն կարող է հասնել 16-17%-ի։
Միևնույն ժամանակ, վառելիքի ներկրման առաջատար է դարձել Բուլղարիան։ Ներկրումներ իրականացվում են նաև Ռումինիայից, Թուրքիայից, Բելգիայից և Ադրբեջանից։ Չնայած մատակարարումների աշխարհագրության փոփոխությանը՝ վառելիքի գները Հայաստանում չեն նվազել։
Թավադյանի կարծիքով՝ ներկայիս թանկացումը 2022-2023 թվականների գների աճի հետ համեմատելը ճիշտ չէ։ Այն ժամանակ բարձր գների շրջանը մեկ տարուց պակաս տևեց և սկսեց նվազել, մինչդեռ այժմ թանկացման շրջանը կարող է ավելի երկար տևել, քանի որ միջազգային գների վրա միաժամանակ ազդում են մի շարք գլոբալ գործընթացներ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)