Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ
Հայաստան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։
Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի դեմ։
Բաղունցը նշել է, որ ռազմական գործողությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն ու խաղաղ բնակչության սպանությունները, իր գնահատմամբ, հանգեցրել են Արցախի հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանմանը։ Նա ընդգծել է, որ ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարողը վերահաստատել է արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների պայմաններում։
Նա նաև պահանջել է ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և մյուս հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ է արել կանխել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։
Բաղունցը կարևորել է նաև Հայաստանում ապաստանած արցախահայության սոցիալական և հումանիտար կարիքների ապահովումը։
«Մենք պարտավոր ենք համատեղել ողջ հայության ներուժը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի լեգիտիմ իրավունքներն ու հասնելու պատմական արդարության վերականգնմանը»,- հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը