Իտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուց
Աշխարհ
Իտալիան պատրաստ է մինչև չորս ռազմանավ, այդ թվում՝ ֆրեգատներ ուղարկել Կարմիր ծովի Բաբ էլ Մանդեբի նեղուց՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Corriere della Sera-ն։
Պարբերականի տվյալներով՝ Հռոմում չորս ռազմանավը համարում են նվազագույն անհրաժեշտ քանակը նեղուցի մոտ 20 կիլոմետրանոց հատվածի անվտանգությունն ապահովելու համար։ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում ընդգծել է «արդյունավետ և ժամանակին որոշումներ» ընդունելու անհրաժեշտությունը՝ ծովային երթուղու հնարավոր խափանումը կանխելու համար։
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ եթե եվրոպական Aspides առաքելությանը այլ խոշոր մասնակիցներ չմիանան, Իտալիան պատրաստ է գործել նաև ինքնուրույն՝ իր նավերով ուղեկցելով ինչպես իտալական, այնպես էլ եվրոպական այլ երկրների առևտրային նավերը։ Հռոմը միաժամանակ ակնկալում է, որ ծախսերի մի մասը կկիսեն ԵՄ մյուս երկրները։
Իտալական թերթի տվյալներով՝ հարցն արդեն անցել է գործնական փուլ․ իտալական ռազմանավերից մեկը նախօրեին ուղեկցել է առևտրային նավի Եմենի ափերի մոտ։ Այս քայլերը քննարկվում են հութիների կողմից Բաբ էլ Մանդեբի նեղուցը փակելու սպառնալիքների ֆոնին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը