«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն Սուրենյանց
Հայաստան
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է TRIPP ծրագրի շուրջ առկա մտահոգություններին՝ նշելով, որ այն միայն հաղորդակցային կամ տնտեսական ծրագիր չէ, այլ ունի նաև ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն։
Սուրենյանցը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղում հաղթանակը» կապել է Զանգեզուրի միջանցքի իրականացման հետ, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող 42-կիլոմետրանոց հատվածը «Զանգեզուրի միջանցքի մաս է»։
Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի այս հայտարարությունները տարբերվում են Երևանի ներկայացրած մոտեցումից։ Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները TRIPP-ը ներկայացնում են որպես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո իրականացվող նախագիծ, մինչդեռ Ադրբեջանը այն կապում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի և 44-օրյա պատերազմի արդյունքների հետ։
Սուրենյանցը հարց է բարձրացրել, թե արդյոք ծրագրի շրջանակում սահմանափակվելու են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ նշելով, որ հրապարակային հայտարարությունները դեռ ամբողջությամբ չեն հստակեցնում սահմանային, մաքսային, անվտանգային և վերահսկողական մեխանիզմները։
«Ո՞վ է սահմանելու ճանապարհի գործունեության կանոնները, ո՞ւմ ձեռքում են լինելու կառավարման իրական լծակները, ի՞նչ ծավալով է իրականացվելու Հայաստանի իրավազորությունը, և ի՞նչ աշխարհաքաղաքական իրողություն է ձևավորվելու Հայաստանի հարավում»,- գրել է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ այս հարցերի պատասխանները դեռևս հստակ չեն, ուստի TRIPP-ի շուրջ առկա մտահոգությունները փարատված համարել հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը